Skip to:

COVID-19: ԻՆՉՊԵՍ ԿՈՏՐԵԼ ՎԱՐԱԿԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՇՂԹԱՆ

Այս տեղեկատվությունը տեսնելու համար հետևյալ լեզուներով՝ սեղմեք այստեղ: in Englishen Español한국어로Tiếng Việt中文(简体)中文(繁體)

 

          COVID-19-ը կամ կորոնավիրուս համաճարակը Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում իր ազդեցությունն է թողել բոլորիս վրա, ինչպես նաև ողջ աշխարհի վրա։ Առօրյա կյանքը խառնաշփոթ է դարձել։ Շատ տեղեկատվություններ են տրվում հիվանդության մասին, բայց կարող են դրանք լինել խրթին և շփոթեցնող։ Այս էջում նկարագրվում է այն, ինչ դուք պետք է իմանաք։

          Լավ նորությունն այն է, որ եթե մարդիկ միասին համագործակցեն, համաճարակը ավելի կարճ կտևի, մեզանից շատերը առողջ կմնան, և ավելի քիչ մարդիկ կմահանան: Մենք դեռ սովորում ենք այս վիրուսի մասին: Նոր տեղեկություններ ստանալու դեպքում առաջարկվող խորհուրդները կարող են փոխվել, և այս էջը կթարմացվի: Մի՛ սրտնեղեք, եթե խորհուրդները փոխվեն: Դրանք նպատակաուղղված են մեզ բոլորիս առողջ պահելու համար։

Ի՞նչ պետք է անենք այժմ:

          Ահա այն, ինչ հենց հիմա խորհուրդ են տալիս առողջապահության փորձագետները Լոս Անջելեսում և Կալիֆորնիայում։

1. Մնացե՛ք տանը, դո՛ւրս եկեք միայն աշխատանքի գնալու կամ մթերային ապրանքներ կամ այլ անհրաժեշտ իրեր գնելու դեպքում:

2. Մի՛ հրավիրեք մարդկանց գալ ձեր տուն, նույնիսկ ձեր ծնողներին կամ լավագույն ընկերներին։ Միայն այն մարդիկ պետք է լինեն ձեր տանը, ովքեր ապրում են այդտեղ: Որոշ վիրուսակիր մարդիկ, ովքեր չեն դրսևորում որևէ ախտանիշ, կարող են վարակել շրջապատի մարդկանց: Վարվե՛ք այնպես, ինչպես կվարվեիք, եթե դուք և մյուսները ախտահարված լինեիք:

3. Մի՛ այցելեք այլ մարդկանց` նույնիսկ ձեր տարեց ծնողներին կամ չափահաս երեխաներին: Պարզապես նրանց այցելելով` դուք կարող եք առանց իմանալու նրանց հիվանդացնել: 

4. Եթե տնից դուրս եք գալիս՝ դիմա՛կ օգտագործեք։ Դիմակներ կրել պահանջվում է խանութներ այցելելիս ինչպես նաև ցանկացած ժամանակ՝ երբ ուրիշ մարդիկ ձեր շուրջն են գտնվում։  Խորհուրդ են տալիս դիմակներ կրել ցանկացած ժամանակ երբ տնից դուրս եք գալիս։ Տանը պատրաստեք կտորից դիմակներ ձեր դեմքը ծածկելու համար։ Դիմակ պատրաստելու համար կարող եք օգտագործել գլխաշոր կամ հին շապիկ: Ահա մի կարճ տեսանյութ, թե ինչպես պատրաստել կտորից դիմակ` https://youtu.be/tPx1yqvJgf4

          Ցանկացած կտորից դիմակ պետք է լվանալ ամեն անգամ օգտագործելուց հետո։ Եթե հնարավոր է, մի՛ օգտագործեք կեղտոտ դիմակ։ Բժշկական դիմակները (վիրաբուժական և N95 դիմակները) բժիշկների և բուժքույրերի համար էլ քիչ կան, այնպես որ մի՛ փորձեք գնել այդ դիմակները: 

5. Եթե ստիպված եք տնից դուրս գալ,
հետևե՛ք հետևյալ քայլերին.

  • Մանրակրկիտ լվացե՛ք ձեր ձեռքերը (նվազագույնս 20 վայրկյան տաք ջրով և օճառով) և չորացրե՛ք մաքուր սրբիչով: Ինչպեսլվանալ ձերձեռքերը` 
  • Կրե՛ք մաքուր կտորից դիմակ (տանը պատրաստված կամ խանութից գնված) կամ գլխաշոր։

           ○ Ինչպես դիմակ կրել՝     Ինչպես դիմակ չկրել` 

           ○ Ձեր բերանը և քիթը ծածկե՛ք դիմակով։
           ○ Դիմակը ձեր բերանի և քթի վրա պահեք ամբողջ ժամանակ, երբ տանից դուրս եք գտնվում։
           ○ Դիմակը դնելուց հետո մի՛ դիպչեք ձեր դիմակին կամ դեմքին։
           ○ Փռշտալու կամ հազալու անհրաժեշտության դեպքում արմունկով փակե՛ք ձեր բերանը` առանց դիմակը հանելու:

  • Երբ տուն հասնեք, դիմակը դեռ ձեր երեսին թողե՛ք և մանրակրկիտ լվացե՛ք ձեր ձեռքերը։
  • Դիմակը հանե՛ք և դրե՛ք լվացքի մեքենայի մեջ կամ մի այլ վայրում, որտեղ ոչ ոք դրան չի դիպչի, մինչև կարողանաք դա լվանալ։
  •  Նորի՛ց լվացեք ձեր ձեռքերը։
  • Դիմակ կրելը կարևոր է, բայց դուք դեռ կարող եք հիվանդանալ, եթե նույնիսկ դիմակ եք կրում: Այսպիսով, երբ դուրս եք գալիս, մնացե՛ք առնվազն բոլորից վեց ոտնաչափ (2 մետր) հեռու` ներառյալ մտերիմ ընկերներին և ընտանիքին: Միակ բացառությունները ձեզ հետ ապրող մարդիկ կարող են լինել:

6. Մաքրել տան այն տեղերը, որոնք հաճախ են շոշափվում (դռան բռնակներ, լույսի անջատիչներ, պահարանագոգեր):

7. Եթե ունեք COVID-19-ի ախտանշաններ (ընդհանուր ախտանշաններն են` տաքություն, հազ, կոկորդի ցավ, և/կամ շնչելու դժվարություն, մկանների ցավ, հոգնածություն, հոտի կամ համի կորուստ, գլխացավ, սրտխառնոց, փսխում կամ լուծ).

           ○ Զանգահարե՛ք 9-1-1, գնացե՛ք շտապօգնության բաժին կամ զանգահարե՛ք ձեր բժշկին եթե ունեք շնչելու դժվարություն, կրծքավանդակի կայուն ցավ կամ ճնշում, կամ անընդհատ փսխում եք։
           ○ Զանգահարե՛ք 2-1-1 եթե բժիշկի կարիք ունեք (նրանք ձեզ կօգնեն նույնիսկ եթե դուք ապահովագրություն կամ փաստաթղթեր չունեք):
           ○ Եթե ​​ցանկանում եք ստուգվել COVID-19-ի համար՝ այցելեք՝ https://lacovidprod.service-now.com/rrs
           ○ Մեծահասակները, հղի կանայք և այն մարդիկ, ովքեր առողջական այլ խնդիրներ ունեն, ախտանշաններ զգալու դեպքում շտապ պետք է կապ հաստատեն բժշկի հետ։
           ○ Մնացե՛ք տանը և հեռո՛ւ եղեք ուրիշներից հիվանդությունից լիարժեք ապաքինվելուց հետո առնվազն 3 օր և առաջին ախտանշանները հայտնվելուց հետո մինչև 7 օր։
           ○ Ձեր տան մյուս անդամներից հեռո՛ւ մնացեք։ Եթե հնարավոր է, մնացե՛ք առանձին սենյակում և օգտագործե՛ք առանձին լոգասենյակ։ Մեկ այլ անձի հետ համատեղ մի՛ օգտագործեք անձնական իրեր, ինչպիսիք են ափսեները, սրբիչները կամ անկողնային պարագաները։ Այս իրերը օգտագործելուց հետո անմիջապես դրանք լվացե՛ք:
           ○ Ուրիշների հետ կերակուր մի՛ կերեք։ Սնվե՛ք միայնակ առանձին սենյակում։
           ○ Եթե COVID-19-ի վերաբերյալ հարցեր ունեք՝ զանգահարե՛ք 2-1-1:

8. Հեռո՛ւ մնացեք ցանկացած դեղերից կամ դեղամիջոցներից, որոնք ենթադրաբար բուժում կամ կանխում են COVID-19-ը: Հակաբիոտիկները միայն սպանում են մանրէները և չեն ազդում կորոնավիրուսների կամ այլ վիրուսների վրա: Ներկայումս COVID-19-ը բուժելու կամ կանխելու համար դեղեր չկան: Եթե վստահ չեք, խոսե՛ք բժշկի հետ:

9. Հաճախ հեռախոսով կապվե՛ք ձեր հարևաններին և ընկերներին Հոգեկան առողջությունը նույնպես շատ կարևոր է:

Ինչո՞ւ անել այս ամենը։

          COVID-19-ը տարածվում է շատ արագ, և այն ներկայումս կանխարգելու պատվաստանյութ չկա: COVID-19-ը բուժելու համար դեղեր նույնպես չկան: Ներկայումս  բժիշկները COVID-19-ի ծանր դեպքերի դեպքում ջանում են մարդկանց ողջ պահել և բուժել ախտանիշները` սպասելով, որ հիվանդների մարմինները իրենք իրենց առողջանան: Նրանց պետք է հատուկ սարքեր COVID-19-ով հիվանդներին բուժելու համար, ինչպես նաև պաշտպանիչ հանդերձանք (օրինակ՝ դիմակներ) իրենց համար, որպեսզի չհիվանդանան։ Եթե շատ մարդիկ հոսպիտալացման կարիք ունենան, որոշ հիվանդանոցներ կարող են չունենալ բավարար սարքավորում կամ պաշտպանիչ հանդերձանք, որպեսզի հիվանդներին լավագույն բուժում տրամադրեն կամ բժիշկներին ու բուժքույրերին պաշտպանեն հիվանդությունից: Այս պատճառով մենք բոլորս պետք է փորձենք մեր և մյուսների հիվանդանալը կանխել մեր իսկ բոլորի համար:

          Միասին մենք կարող ենք դադարեցնել COVID-19-ի տարածումը: Վերը նկարագրված ինը խորհուրդները օգնում են կոտրել վարակի շղթան: Իրականում, եթե բոլորը հետևեն այս բոլոր կետերին, ապա համաճարակը հավանաբար արագ կանգ կառնի։ Դուք կարող եք պաշտպանել ինքներդ ձեզ և ձեր ընտանիքին, ընկերներին և համայնքին` տանը մնալով, ուրիշներին չայցելելով, դիմակ կրելով, եթե ստիպված եք դուրս գալ, մնալով առնվազն վեց ոտնաչափ (2 մետր) հեռու այն մարդկանցից, ովքեր ձեր տանը չեն ապրում, հաճախ ձեր ձեռքերը լվանալով և մակերեսները մաքրելով։

Հասկանալ COVID-19-ը և կորոնավիրուսները

          Վիրուսները շատ փոքր մասնիկներ են, որոնք մարդկային աչքով տեսանելի չեն։ Դրանք առաջացնում են հիվանդություններ, ներառյալ գրիպ։ Կան վիրուսի բազմաթիվ տեսակներ, և յուրաքանչյուր տեսակը կարող է ունենալ բազմաթիվ տարբերակներ։ Կորոնավիրուսը վիրուսի մի տեսակ է: COVID-19-ը կորոնավիրուսի հատուկ տարբերակի հետևանքով առաջացած հիվանդություն է, որը գիտնականները անվանում են SARS-COV-2 (ՍԱՐՍ-ԿՈՎ-2):

          Վիրուսները կարող են մնալ օդի մեջ և գոյատևել ջրի կամ նույնիսկ այնպիսի մակերեսների վրա, ինչպիսին ձեր մաշկն է: Որոշ վիրուսներ գոյատևում են ընդամենը մի քանի րոպե, իսկ մյուսները կարող են օրերով գոյատևել: Այն կորոնավիրուսը, որը առաջացնում է COVID-19-ը, կարող է գոյատևել մինչև առնվազն 72 ժամ որոշ տեսակի մակերեսների վրա: Սա նշանակում է, որ կորոնավիրուսը կարող է հեշտությամբ փոխանցվել մեկ անձից մյուսին, երբ ինչ որ մեկը փռշտում է կամ հազում, երբ ձեռքով բարևում է այլ մարդկանց կամ դիպչում է վիրուսով ախտահարված մակերեսների։

          Երբ մարդիկ վարակված են COVID-19-ով, նրանք կարող են փռշտալով կամ հազալով կորոնավիրուս պարունակող փոքրիկ կաթիլներ արձակել օդ։  Այս կաթիլները կարող են որոշ ժամանակ մնալ օդում: Այս կաթիլները շնչելիս դուք կարող եք ախտահարվել։ Վիրուսը նաև կարող է փոխանցվել մեկի ձեռքից։  Վիրուսը ձեռքից կարող է տեղափոխվել դռան բռնակի կամ այլ մակերեսի վրա։ Երբ դիպչեք այդ բռնակին, վիրուսը կտեղափոխվի ձեր ձեռքին։ Եվ եթե ձեր ձեռքով դիպչեք ձեր դեմքին, քթին, աչքին կամ բերանին, վիրուսը կարող է մտնել ձեր մարմնի մեջ։

          Վիրուսը շատ արագ և հեշտությամբ տարածվում է մարդկանց մեջ, բայց մարդկանց մեծամասնությունը, ովքեր վարակվում են, լիորեն վերկանգնվում են։ Շատ մարդկանց համար ախտանիշները մեղմ են: Այնուամենայնիվ, որոշ մարդիկ լուրջ հիվանդանում են և կարող են մահանալ։ Միասին համագործակցելով` մենք կարող ենք դանդաղեցնել և դադարեցնել COVID-19 կորոնավիրուսի տարածումը:

Լրացուցիչ տեղեկատվությունների համար`այցելեք հետևյալ կայքերը.

 
 

Ուրիշ տեսակի օգնությունների համար՝ սեղմե՛ք այստեղ կամ զանգահարե՜ք 2-1-1։

 

Տեղեկատվությունները և այս կայքում գտնվող հղումները հիմնված են գիտական տեղեկությունների վրա, որոնք ստեղծված են Համաշխարհային առողջապահության կազմակերպության, ԱՄՆ-ի Հիվանդության հսկողության և կանխարգելման կենտրոնի, Կալիֆորնիայի և Լոս Անջելեսի Առողջապահության վարչաշրջանի և այլ հանրային առողջապահության կազմակերպությունների և հետազոտողների կողմից։ Այս տեղեկատվությունը պատրաստվել է UCLA-ի (Կալիֆորնիայի Լոս Անջելեսի համալսարանի) դասախոսական անձնակազմի, ուսանողների և աշխատակիցների կողմից: Աջակցություն է ցուցաբերվել UCLA-ի Հանրային Առողջապահության Ֆիլդինգ Դպրոցի դեկանի գրասենյակի կողմից։ Այս էջը վերջին անգամ թարմացվել է 5/01/2020-ին։ Ուղղումներ կամ խորհուրդներ հաղորդելու համար, կապնվե՜ք հետևյալ էլեկտրոնային հասցեով CovidQx@ph.ucla.edu։